Սպորտ

Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը Դին Լիժենն է 

2 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը Դին Լիժենն է 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը չինացի Դին Լիժենն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարի դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի`7:7 հաշվով և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենըչեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում: Լիժենին հաջողվեց թայ-բրեյքի 4-րդ պարտիայում հաղթանակի հասնել սև խաղաքարերով և հռչակվել աշխարհի նոր չեմպիոն:

Յան Նեպոմնյաշչին 32 տարեկան է: Գրոսմայստերի նորման լրացրել է 2007 թվականին: Ռուսաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, ինչպես նաև Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր է: Նա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդն է և զիջում է միայն աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Դին Լիժենը 30 տարեկան է: Գրոսմայստերի նորման լրացրել է 2009 թվականին: Նա չինացի շախմատիստներից ունի ամենաբարձր վարկանիշն աշխարհի լավագույնների շարքում:

Լիժենն իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվեց չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ն որոշեց, որ մրցախաղը կանցկացվի հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենի միջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում