Քաղաքականություն

Երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականն՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականն՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց՝ խախտելով հայտարարության դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չնայած Հայաստանի՝ առկա խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքով ընդունված հայտարարություններին»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ այս հայտարարությունների համատեքստում հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը եղել և մնում է լիովին հավատարիմ:

Նախարարը նկատեց՝ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդ նպատակով՝ Հայաստանը շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ:

«Պետք է ընդգծեմ, որ համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականն՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, և միջազգայնորեն երախավորված երկխոսության ֆորմատի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանն անկեղծորեն ակնկալում է Ֆրանսիայի շարունակական ամուր ներգրավվածությունը և ջանքերը վերոնշյալ հարցերում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում