Քաղաքականություն

Ալիևի հայտարարություններն ի ցույց են դնում Հարավային Կովկասում ընթացող կարգավորման գործընթացները խաթարելու՝ Ադրբեջանի նախագահի ջանքերը. ՀՀ ԱԳՆ

4 րոպեի ընթերցում

Ալիևի հայտարարություններն ի ցույց են դնում Հարավային Կովկասում ընթացող կարգավորման գործընթացները խաթարելու՝ Ադրբեջանի նախագահի ջանքերը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2023 թ. ապրիլի 18-ին արած հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։

Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։

Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։

Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում