ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը, կանգնեցրել են հակառակորդի սադրանքները, իսկ ինչ վերաբերում է թերացումներին, որոնց մասին Կառավարության նիստի ընթացքում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա դրանց մասով կլինի ծառայողական քննություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էր, և այդ սցենարի շրջանակներում կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է:
«ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերություններ լինել: Եվ մենք հետամուտ ենք, որ դրանք բացահայտվեն, մեղավորները պատժվեն»,-ասաց Քոչարյանը:
Նա վստահեցնում է՝ հանձնարարականներ չէին կարող տրված չլինել, դրանք տրվել են հակառակորդի առաջխաղացումից առաջ:
Անդրադառնալով ընդդիմության նախաձեռնությամբ նախորդ օրը ԱԺ-ում ԶՈՒ ղեկավար կազմի՝ ԳՇ պետի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը՝ պատգամավորն ասաց, որ քննարկումը միտված է եղել նման իրավիճակները բացառելուն, ոչ թե մեղավորների գտնելուն:
«ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, եթե ԶՈՒ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին ու կտեղակայվեին այնտեղ: Հետագայում պետք է ելնենք նրանից, որ ԶՈՒ-ի և կարողությունները, և ուժը, և բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրը: Այն, ինչ մերն է, մերն է, եթե դրանից ավել հակառակորդը ոտնձգություն պետք է անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: Եվ այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի, ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականացնի»,-ասաց Քոչարյանը:
Իսկ թերացումների մասով ծառայողական քննություն անպայման կլինի: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ում անպայման կլինի ծառայողական քննություն, անհրաժեշտության դեպքում՝ ԶՈՒ-ում ևս: Ծառայողական քննությամբ կուսումնասիրվեն, թե ինչ մակարդակով են կատարվել կամ չեն կատարվել հանձնարարությունները:
«Երեկվա քննարկման ժամանակ իրավիճակն ավելի պարզ դարձավ, որ, այնուամենայնիվ, ԶՈՒ-ն իրականացրել է իր առջև դրված խնդիրը, տվել ենք զոհեր, բայց կանգնեցրել ենք հակառակորդի սադրանքները»,-ասաց Քոչարյանը: