Հասարակական

Այդ սցենարը կանխատեսվել էր, կոնկրետ անձանց տրվել էին հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է. Փաշինյանը՝ Ադրբեջանի սադրանքի մասին

2 րոպեի ընթերցում

Այդ սցենարը կանխատեսվել էր, կոնկրետ անձանց տրվել էին հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է. Փաշինյանը՝ Ադրբեջանի սադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էին, կոնկրետ անձանց տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը, սակայն, ձախողվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Վարչապետը նշեց՝ կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն: Բայց կոնկրետ այդ իրավիճակն այն դեպքերից է, որ կանխատեսվել էր: Վարչապետն այդ թեմայով խորհրդակցություններ է հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներն է առաջադրել:

«Սակայն, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար: Եվ առնվազն ինձ համար միանշանակ է, որ այստեղ էլ պետք է քննենք ու հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել: Այն, որ Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ: Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է: Եվ այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ: Եվ այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է: Եվ իհարկե դրան պետք է հետևեն որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, բայց նաև պետք է ավելի խորը քննենք ու հասկանանք, թե ինչու է այդպես դասավորվել»,-ասաց Փաշինյանը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում