Հասարակական

Ընդդիմությունն առաջարկում է ԶՈՒ ղեկավար կազմի, իրավասու անձանց մասնակցությամբ ԱԺ-ում քննարկում անցկացնել

2 րոպեի ընթերցում

Ընդդիմությունն առաջարկում է ԶՈՒ ղեկավար կազմի, իրավասու անձանց մասնակցությամբ ԱԺ-ում քննարկում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Թեև մեր պատգամավորների մի մասը հիմա գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը՝ հրավիրել Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգմավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու, նաև խորհրդարանի անելիքների մասով իրավիճակը հասկանալու համար»:

Ընդ որում, ընդդիմության համար կարևոր չէ՝ հանդիպումը կլինի փակ, թե բաց ֆորմատով:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ, եթե բաց ֆորմատով հանդիպում են ուզում, ապա կառավարության հետ հարցուպատասխանին խորհրդարանում են լինելու բոլորը, իսկ, եթե փակ, ապա ինքը պատրաստ է խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: ԱԺ փոխնախագահն ու Արծվիկ Մինասյանն այդ հարցը կքննարկեն աշխատանքային կարգով:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում