Քաղաքականություն

Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

2 րոպեի ընթերցում

Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մարտի 26-ին ավագանու արտահերթ ընտրություններ են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքն ունի 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

«Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 87 տեխնիկական սարքավորում:

Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։ Ընտրությունների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ԿԸՀ կայքով։

Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունները: Ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 15 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 2 կազմակերպություն, որոնցից 1-ւ՝ համատեղ։

Նշվում է, որ ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը, Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը օրվա ընթացքում գտնվելու են Սիսիան համայնքում, իսկ ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ Անի համայնքում։

ՀՀ ԿԸՀ-ից հայտնում են, ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝https://www.elections.am:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում