Հնագետը հույս ունի, որ Մեծամորի դամբարանադաշտում ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ կամ որևէ կառույց են գտնելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ տասը տարի հայ-լեհական արշավախումբը պեղումներ է իրականացնում Մեծամորում և հայտնաբերում արժեքավոր նյութեր, կառույցներ, դամբարաններ ու անգամ քաղաք, որոնք խոսում են Մեծամորի հարուստ պատմության, պատմական հաջորդականության ու նշանակության մասին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է՝ եղանակի պատճառով արշավախումբը դադարեցրել է աշխատանքները, սակայն մայիսի կեսերին լեհ գործընկերները կժամանեն Հայաստան, որպեսզի աշխատեն պեղված նյութի վրա, և, ի մի բերելով արդյունքները, փորձեն պատրաստել հուշարձանին վերաբերող ուսումնասիրությունների առաջին հատորը:

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ են արել: «Քաղաքային թաղամասում բացվել է ուրարտական շրջանի կառույց՝ յոթից ավելի սյուների խարիսխներով: Հավանաբար դա սյունազարդ սրահ է կամ տնտեսական նշանակության կառույց, քանի որ կից հատվածներում սալահատակ կա, ինչը նշանակում է, որ կենդանիներ են այդտեղ կապել: Պեղումները դեռ շարունակվում են: Հույս ունենք, որ կառույցի ինչ-որ հատվածներ կբացենք»,-նշում է նա ու հավելում, որ 2023-ին լեհական կողմը պեղումների գործընթացին չի մասնակցի. կենտրոնանալու է՝ արդեն հայտնաբերված նյութերի ուսումնասիրման վրա:

Արշավախումբը հուշարձանի դամբարանադաշտում ևս պեղումներ է կատարելու: Փիլիպոսյանը կարծում է՝ ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ կամ որևէ կառույց են գտնելու: «Չգիտեմ ամբողջությամբ կավարտենք, թե ոչ, որովհետև երբեմն դամբարանները շատ մեծ են, սակայն աշխատանքներ այդ տարածքում անպայման ծավալելու ենք: Մեծամորը շատ հետաքրքիր ու նոր նյութեր ունի»,-շեշտում է արշավախմբի համաղեկավարը:

Անդրադառնալով գանձագողությանը՝ Աշոտ Փիլիպոսյանը փաստում է՝ Մեծամորում նման բան չի եղել: Ըստ նրա՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հուշարձանի շերտին հասնելու համար առնվազն երեք մետր պետք է իջնել գետնի մեջ, նաև ցեխի ու խոնավության խնդիր կա: Փիլիպոսյանը կարևորում է այն, որ բնակչությունը ևս գիտակից է:

«Այլ հուշարձանների պարագայում նման երևույթներ կան, ինչը գալիս է բնակչության քիչ իրազեկված լինելուց կամ այն գաղափարից, թե ամեն տեղ, եթե պեղես ոսկի է դուրս գալու: Հայաստանի հուշարձաններում ոսկին այդքան էլ շատ չէ, և մեր նախնիները ևս հասկացել են և՛ ոսկու արժեքը, և՛ դրանք ստանալու բաց եղանակը: Ակնկալել, որ ամեն տեղ պեղումների արդյունքում ոսկի է հայտնաբերվելու, ծիծաղելի է»,-ընդգծում է մասնագետը:

Նախատեսում են հոկտեմբերին հուշարձանի թանգարանում ժամանակավոր ցուցադրություն բացել, որտեղ կներկայացնեն երկու կամ երեք տարվա պեղումների արդյունքները: Հենց այդ ժամանակ էլ կխոսեն դրանց դերի, նշանակության ու արշավախմբի առաջիկա ծրագրերի մասին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ