ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 6-ին ընդունել է Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոնջորյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Այսօր Ազգային Ժողովում գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ ընդունել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է:
Նշել եմ, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի»,- նշված է գրառման մեջ:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: