Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հետ Հայաստանի առևտշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է գրանցել, աճել է ինչպես ներմուծումն, այնպես էլ արտահանումը: Հայաստանը նախորդ տարի նաև վերականգնել է իր տեղը Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկում, ինչի արդյունքում ավելի լայն համագործակցության հնարավորություններ են բացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով Գերմանիայում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում:

Փոխնախարարը նշեց, որ այցի օրակարգում կան տնտեսական հարցեր: «Վարչապետն իր խոսքում էլ որոշակի հղումներ կատարեց տնտեսական օրակարգին: Նշվեց «կանաչ ջրածնի» հնարավոր համագործակցության դաշտի մասին: Մեր կարծիքով՝ դա բավականին հեռանկարային է»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց՝ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում բավականին աճ է գրանցել: Աճել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը: Այդ պատկերն է նաև եվրոպական մի շարք երկրներում:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից Գերմանիա արտահանումը 2022 թվականին կազմել է 106 մլն 72.2 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ աճել է 36.7 տոկոսով: Իսկ ներմուծումը նախորդ տարի կազմել է 457 մլն 46.3 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ ավելի է 2.1 անգամ:

Փոխնախարարը նկատեց՝ այդ բավականին մեծ աճը եվրոպական կողմում որոշակի շրջանակներում անհանգստություն է առաջացրել՝ այն մտավախությամբ, թե արդյոք դրանք ինչ-որ ձև առնչվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցմանը:

«Կան մի շարք այլ պատճառաբանություններ, թե ինչու է առևտրաշրջանառութունը նման աճ գրանցել: Երբ աշխարհում մատակարարման որոշ շղթաներ փոխվում են, տրամաբանական է, որ տնտեսավարողները փորձում են գտնել նոր շղթաներ: Եվ Հայաստանն այդ մատակարարման շղթաների մեջ ունի իր դիրքը: Դա փորձում ենք լավագույնս օգտագործել՝ ամենևին չխաթարելով գոյություն ունեցող երկկողմանի պատժամիջոցների միջավայրը: Մենք աչալուրջ հետևում ենք բոլոր գործարքներին և հետևողական ենք, որ բոլոր տեսակի օրենսդրական պահանջները պահպանենք»,-վստահեցրեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշ ժամանակ դուրս էր մնացել Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկից: Սակայն անցյալ տարի հաջողվել է վերականգնվել:

«Եվ մենք այսուհետ նույնպես կլինենք Գերմանիայի երկկողմ համագործակցության երկրների ցանկում: Սա նշանակում է, որ բավականին հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ ավելի լայն համագործակցության, ավելի խոշոր ֆինանսական ծրագրեր կարող են ներգրավվել Հայաստանում: Այս առումով աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Երկու երկրները տարբեր ոլորտներում ունեն բավականին հագեցած օրակարգ: Անդրադառնալով տնտեսականին՝ փոխնախարարն ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումից սկսած մինչև խոշոր արդյունաբերական ներդրումներ տեղ են գտել այդ օրակարգում: «Կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ համագործակցությունը պետք է շարունակել: Կարծում ենք, որ այն պայմանագրային ու իրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի և Գերմանիայի միջև, թույլ են տալիս խոսել խոշոր ներդրումային ծրագրերի մասին, և այդ ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանք ենք տանելու»,-նշեց Գևորգյանը:

Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջև առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ