Podcast. Դրամատիկական թատրոնը շարունակելու է հանդիսատեսին մատուցել անսպասելին. Գրիգոր Խաչատրյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում հանդես կգա նոր ներկայացումներով: Կլինեն և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործությունների բեմադրություններ, որոնցում զբաղված կլինեն ինչպես երիտասարդները, այնպես էլ հասուն ու վաստակավոր դերասաններն ու դերասանուհիները:

«Արմենպրես պոդքաստ»-իշրջանակում ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, որը վերջերս է ստանձնել թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականությունները, վստահեցնում է՝ գրական ստեղծագործությունները նորովի են խմբագրվելու, նորովի են թարգմանվելու, իսկ բեմադրությունները թարմ շունչ են բերելու թատրոն:

Նրա համոզմամբ՝ այն գրական նյութը, որը բարձրանալու է Դրամատիկականի բեմ, պետք է որակին վերաբերող որոշ փուլ անցնի: «Կան ներկայացումներ, որոնք բեմադրում ենք զվարճանք ապահովելու համար. այդ դեպքում ևս գրական նյութը պետք է հստակ խմբագրվի: Եթե դրամատուրգիան, որն առաջարկում է ռեժիսորը, գրվել է անցած, նախանցած կամ հինգ դար առաջ, պետք է նորից խմբագրվի, թարգմանվի ու հստակ ձևակերպում լինի, թե ինչ է այն տալու 21-րդ դարի մարդուն: Ցանկանում եմ, որ մի քանի տարի հետո թատրոնի գեղագիտությունը, խաղացանկի ամբողջ պատկերը փոխվեն. կլինեն դասական գործեր, բարձրորակ ժամանցային ներկայացումներ, կտեսնենք մեր դերասաններին բոլորովին նոր իրավիճակներում, նոր խաղարկային ոճերում»,-խոստանում է Խաչատրյանն ու հավելում՝ մինչև տարվա վերջ հանդիսատեսը հստակ պատկերացում կունենա, թե ուր է գալու:

Գրիգոր Խաչատրյանը կարծում է, որ թատրոնը պետք է անակնկալ մատուցի, զարմացնի, սկանդալային լինի: Ըստ նրա՝ յուրաքանչյուր լուրջ գրականություն, ճարտարապետություն, երաժշտություն առաջին հերթին անակնկալ են եղել, զարմանք առաջացնող երևույթ: «Հնարավոր է՝ սխալվում եմ, բայց մեր հանդիսատեսը սիրում է նայել այն, ինչն իրեն ծանոթ է. գուցե դա ազգային առանձնահատկություն է: Ոչ թե մատչելին, այլ անսպասելին պետք է վաճառվի: Դրամատիկական թատրոնը շարունակելու է իր աշխատանքն այդ սկզբունքով՝ թատերասերներին մատուցելով անսպասելին»,-նշում է ռեժիսորն ու հիշեցնում, որ 2001-ին շատերի համար է անակնկալ եղել, երբ Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը բեմադրել է «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» ներկայացումը, քանի որ մինչ այդ տարածաշրջանում ոչ ոք չի անդրադարձել այդ թեմային:

Թատրոնում կարևորելով համարձակությունն ու անսպասելիությունը՝ Խաչատրյանն ընդգծում է, որ թատրոնը ժողովրդի դեմքը չէ. այն քաղաքացու դեմքն է, թատրոնը ժողովրդական արվեստ չէ, այլ հասարակության պատկերն է, իսկ իրենք քաղաքացու անունից են խոսում, ոչ թե ժողովրդի, և թատրոնը միտված է կարծրատիպեր կոտրելուն:

Գրիգոր Խաչատրյանը նախատեսում է բեմադրել Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունը՝ վստահեցնելով, որ այն շատերին կզարմացնի, ցանկանում է բեմ բարձրացնել ժամանակակից հեղինակ Դոն Նիգրոյի գործերից մեկը և անդրադառնալ հայ ժամանակակից հեղինակ Նարինե Աբգարյանին:

«Մեծ ցանկություն ունեմ, որ վարագույրը բացվի, և Դրամատիկական թատրոնն իր ամբողջ դերասանակազմով բեմում լինի»,-եզրափակում է Խաչատրյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ