Տնտեսություն

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

2 րոպեի ընթերցում

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի, որը կօգտագործվի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման, շինարարության եւ այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

Ըստ աղբյուրի՝ ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 21-ի քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

Օրենքի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ասել է, որ Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը հավելել է, որ անցած ավելի քան 3 տասնամյակների ընթացքում երկու երկրների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնք էապես նպաստել են մի շարք բնագավառներում առկա փոխգործակցության խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում