Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է. Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է անում վերադարձնել հայ գերիներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուարդ Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուարդ Ֆիլիպը, ով այցելել է Հայաստան, այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

-Պարոն Ֆիլիպ, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ օրակարգով եք Հայաստան ժամանել, ի՞նչ հանդիպումներ, այցեր են սպասվում:

-Ես Հայաստան եմ եկել բաց մտքով և բաց սրտով։ Ուզում եմ իմ աչքերով տեսնել իրավիճակը, լսել մարդկանց մտահոգություններն ու նախաձեռնությունները և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին։ Հասկանալի պատճառներով կգնամ Գորիս, հանդիպումներ կունենամ Երևանում՝ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի և խորհրդարանականների հետ։ Ես նաև մտադիր եմ հանդիպել տեղական իշխանություններին, ուրախ եմ նաև հանդիպել կաթողիկոսին։

-Պարոն Ֆիլիպ, Դուք Հայաստան եք այցելում երկրի համար դժվարին ժամանակում, Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Արցախի ժողովուրդը հումանիտար ճգնաժամի է բախվել, որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի ներկայացուցիչ, ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ:

-Արդեն 70 օրից ավել շարունակվող շրջափակումն անօրինական է և ոչ լեգիտիմ: Ադրբեջանն առանց պատճառի հումանիտար ճգնաժամ է ստեղծում, իսկ Ռուսաստանը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։

-Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նաև 2021, 2022 թթ ընթացքում օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է պահել 2020-ի Արցախի պատերազմի ընթացքում գերեվարված հայերին: Ըստ ձեզ՝ միջազգային հանրություն ի՞նչ անելիք ունի, ի՞նչ քայլեր են պետք՝ ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքից, վերադարձնել հայ ռազմագերիներին, հնարավոր համարո՞ւմ եք սանկցիաների կիրառումը:

-Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Բավականին երկար ժամանակ Եվրամիությունը շատ հեռու էր: Ես հիմա հանգիստ եմ, որ Հայաստանում տեղակայվում է ԵՄ առաքելությունը, որը կարող է դրական դեր ունենալ խաղաղ բնակչությանը հանգստացնելու համար: Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք, իսկ անհետ կորած անձանց ճակատագիրը պետք է պարզվի: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն պահպանել ու պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։

-Որպես Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ՝ Հայաստանի հետ ո՞ր ոլորտներում եք համագործակցությունը խորացնելու հեռանկարներ տեսնում:

-Ես կայցելեմ ու կհետևեմ համագործակցության մի քանի ծրագրերի, որոնք իրականացվում են առողջապահության ոլորտում, տեղահանված անձանց աջակցելու համար: Եվ ես նաև մտադիր եմ հանդիպել տեխնոլոգիական ոլորտի դերակատարներին, ովքեր մասնակցում են Հայաստանի ապագայի ձևավորմանը: Դեռ շատ անելիքներ կան՝ խթանելու ֆրանս-հայկական հարաբերություններն ու համագործակցությունը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ