Հասարակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման ԱլԱվարի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը փետրվարի 13-15-ն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, ֆորումին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Նշվում է, որ գագաթնաժողովը, որն աշխարհի հարյուրավոր երկրների կառավարությունների համար ոլորտային քաղաքականությունների շուրջ փորձի փոխանակման գլոբալ հարթակ է, գործարկվել է 2013 թվականից։ Այն տարբեր երկրների առաջնորդների և փորձագետների միավորում է մեկ հարկի տակ՝ նոր գործիքների, քաղաքականության ու մոդելների մշակման հարցում միմյանց լսելու և սեփական փորձով կիսվելու նպատակով։

Այս տարի անցկացվող ֆորումի առանցքային թեմաներից մեկը նվիրված է աշխատանքի ոլորտին, տեխնոլոգիական առաջընթացով և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ գլոբալ մարտահրավերներին ու հնարավորություններին։

Պանելային քննարկման բանախոսներն են Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման կենտրոնի տնօրեն Ռագնհեյդըր Էլին Արնադուտիշը, Համաշխարհային բանկի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը։

Վերջիններս իրենց ելույթներում խոսել են տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսությունների արագ փոփոխման, գլոբալ մարտահրավերների և դրանց ունեցած հետևանքների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում