Պաշտոնական

Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ուղղված մեր ջանքերը. Ալեն Սիմոնյանը՝ Պորտուգալիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ուղղված մեր ջանքերը. Ալեն Սիմոնյանը՝ Պորտուգալիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ անհրաժեշտ համարելով տարբեր ձեւաչափերով բազմակողմ համագործակցության ծավալումը:

Միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցության շրջանակում կարեւորվել է բարեկամության խմբերի դերը: ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է այն փաստը, որ վերջերս Պորտուգալիայի խորհրդարանում եւս ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ: Կողմերը խոսել են բազմաբեւեռ համագործակցության հնարավորություններից՝ շեշտելով առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, հասարակական եւ գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության ակտիվացումը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից ՀայաստանիՀանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելուն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է.

«Տիկի՛ն դեսպան, Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատման օրակարգով: Սակայն հարկ եմ համարում փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման պատճառով»:

Նա հավելել է, որ միջազգային գործընկերներին կոչ է արվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար՝ ներառյալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում