Քաղաքականություն

Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia պարբերականին:

Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 26-ին արտգործնախարարության իր գրասենյակում ընդունել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի (ՀԱԽ) տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրադյանին։

«ՀԱԽ տնօրենն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնել հումանիտար իրավիճակի առնչությամբ, որում հայտնվել է Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) արդեն 45 օր շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակումից։ Արտգործնախարարին նաև ասվել է Արգենտինայի կողմից ադրբեջանական պետության գործողությունները դատապարտելու և մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը երաշխավորելը պահանջելու անհրաժեշտության մասին», - նշում է պարբերականը։

Հանդիպումից հետո Արգենտինայի ԱԳՆ-ն «իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը»։

«Նախարարը նաև կրկնել է այն սկզբունքները, որոնք ուղղորդում են Արգենտինայի գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության և վեճերի խաղաղ կարգավորման հարցում», - նշում է Diario Armenia-ն։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինայի Արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ջ. Ռոզենցվայգը, Եվրոպական հարցերով նախարար Պաբլո Մ. Պինեյրոն և Ֆլորենսիա Զանիկյանը՝ Հայ Ազգային Խորհրդից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում