Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում են: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում