Պոլսահայ երգչուհի Սիբիլի ստամբուլյան մենահամերգը փառահեղ ընդունելության է արժանացել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիբիլը 2023-ին մեծ տոն է նվիրել իր արվեստի երկրպագուներին՝ հունվարի 18-ին Ստամբուլում հանդես գալով մենահամերգով: Երգչուհին կատարել է ինչպես սիրված, այնպես էլ նոր երգեր:

Համերգը հարուստ է եղել անակնկալներով. երեկոյին հյուրընկալվել են Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի սաները, երաժիշտ Անդրե Սիմոնյանը, երգչուհի Այսենուր Քոլիվարը, Սիբիլ Արսէնյանի ղեկավարած Սիմֆոնիկ նվագախումբը, «Առագաստ» նվագախումբը և այլք: Բեմում շուրջ 45 ստեղծագործող է եղել:

Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում և բուռն ծափողջույնների է արժանացել: Այդ են վկայում թե՛ անհատների, թե՛ պարբերականների անդրադարձները կարևոր մշակութային իրադարձությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը համերգը համեմատել է աստղային տարափի հետ:

Ըստ «Օրաթերթ»-ի՝ Սիբիլի բնատուր տաղանդն ու կատարողական բարձր արվեստը վայելել են բոլոր ներկաները: Հանդիսատեսն աթոռներին գամված ըմբոշխնել է երգչուհու գեղեցիկ ձայնը: Համերգին բոլոր արտիստները տպավորել են իրենց վարպետությամբ: Նրանք ստիպել են լռել, ժպտալ, լրջանալ, տխրել ու խորհել:

Օրաթերթը երեկոյի ամենահուզիչ պահն է համարել Բարսեղ Կանաչյանի նշանավոր «Օրօր» ստեղծագործության կատարումը, երբ բեմում են եղել միայն երկու Սիբիլները, որոնք երգով փոխացել են իրենց մտահոգություններն ու ցավերը:

Ունկնդիրները համերգին հետևել են առանց աչք թարթելու, որովհետև արվեստագետները խոսել են երաժշտական գեղեցիկ լեզվով ու հասել են ունկնդրի հոգիներին:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի նախկին խմբագիր, մանկավարժ Մաքրուհի Յակոբյանը Սիբիլի հետ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրառմամբ պատմել է համերգից ստացած տպավորությունների մասին: Նա համերգը կախարդական ու հիասքանչ է համարել՝ նշելով, որ այդ բառերը բավարար չեն Սիբիլի հաջողությունը նկարագրելու համար:

«Սիբիլն արքայավայել մթնոլորտում իշխանուհու տեսքով կարողացավ հայրենաշունչ ապրումների տոնահանդես կազմակերպել, տոնահանդես, որը դիպել է մարդկանց հոգիներին հայկականության բոլոր պատգամներով»,-գրել է նա:

Յակոբյանի խոսքով՝ այդ պատգամների մեջ եղել է կարոտ, վիշտ, տրտմություն, տառապանք, արցունք, եղբայրասիրություն, գթություն, հպարտություն, քաջություն և հայրենասիրություն:

Մաքրուհի Յակոբյանը զորախումբ է համարել այն բոլոր արտիստներին, որոնք հանդես են եկել Սիբիլի հետ՝ շեշտելով, որ հպարտանում է բոլորով:

«Մարմարա» օրաթերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ հունվարի 18-ին երաժշտասերները ունկնդրել են ամենափառահեղ համերգներից մեկը: «Սիբիլն այս անգամ ևս գերազանցել է ինքն իրեն, նա ապրել և ապրեցրել է բոլոր ներկաներին, որոնք կախադրվել են երգչուհու կատարումներով: Բազմիցս ասել ենք և կրկին հաստատում ենք՝ Սիբիլի յուրահատկություններից մեկն այն է, որ նա կարողանում է նույնանալ հանդիսատեսի հետ և, միանալով նրանց, դառնալ մեկ մարմին: Առաջին երգից սկսած Սիբիլն իր հզոր, գրավիչ ձայնով կարողացել է գերել հանդիսատեսին և նրանց տարել երաժշտական հրաշալի, յուրօրինակ ճամփորդության իր հին ու նոր երգերով»,-ասվում է պարբերականի հրապարակած հոդվածում:

Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անցերգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։

Հայերեն Türkçe

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851