ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ հետևյալ համատեղ բանաձևն է ընդունել: «Արմենպրես»-ը ներկայացնում է բանաձևը.
Ա. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից, հաշվի առնելով, որ դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայերի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով նրանց,
Բ. հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի՝ էապես ազդելով առավել խոցելի բնակչության վրա, հաշվի առնելով, որ ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է, և այս իրավիճակի հետևանքով 1 մարդ է մահացել, հաշվի առնելով, որ հարյուրավոր ընտանիքներ մնում են իրարից բաժանված,
Գ. հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանման պատճառով, որի հետևանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման,
Դ. հաշվի առնելով, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնց ստանձնել է հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը,
Ե. հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները դանդաղեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը,
Եվրոպական հանձնաժողովը.
- Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական մարդասիրական հետևանքների համար:
- Հորդորում է Ադրբեջանին հարգել և կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ ազատ տեղաշարժի հնարավորություն տալով և ապահովելով հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը՝ այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում և ապահովելով բնակիչների ապրուստի միջոցները։
- Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր հրահրիչ հռետորաբանությունից, որը հայերի դեմ խտրական վերաբերմունքի կոչ է անում և հորդորում է հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:
- Կոչ է անում Ադրբեջանին ապագայում զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ կապերը և հաղորդակցությունը խաթարելուց:
- Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպաններին և ՔՀԿ-ներին քավության նոխազ դարձնելը և կոչ է անում ԵՄ և անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին:
- Դատապարտում է ՌԴ խաղաղապահների անգործությունը, գտնում է, որ ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով նրանց փոխարինման շուրջ պետք է հրատապ բանակցություններ վարվեն:
- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնությունը տրամադրելու համար:
- Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել դեպի Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
- Կոչ է անում առանց նախապայմանների անհապաղ վերսկսել բանակցությունները՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:
- Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չպահվեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության կողմից:
- Հանձնարարում է իր Նախագահին սույն բանաձևը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային կառույցներին։