Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքի հարցով միջազգային հանրության հստակ դիրքորոշումն իր արդյունքը կտա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից ինչ պարտավորություն է խախտվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի արդյունքներին։

Նա հիշեցրեց, որ հունվարի 17-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Հայաստանի նախաձեռնությամբ և այնտեղ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, ապա նաև մյուս անդամ երկրները կամ կազմակերպությունները դիրքորոշում են արտահայտել։ «Քննարկումը ընթացել է փակ ռեժիմով և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ։

Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ և այդ ելույթներից ակնհայտն էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից, ինչ է խախտվել, ինչպիսի պարտավորություններ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։ Կրկնում եմ, որ հստակ գիտակցում կա ԵԱՀԿ-ում և ոչ միայն։ Դուք կարող եք տեսել առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներ։ Կարծում եմ՝ այս դիրքորոշումները վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների են հանգեցնելու»,- ընդգծեց Միրզոյանը։

Հայերեն Русский