10 նոր ներդրում հայկական ստարտափներում և նոր մարտահրավերներ. BigStory VC-ն ամփոփել է 2022-ը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BigStory VC-ն 2022 թվականին 10 նոր ներդրում է կատարել հայկական ստարտափներում՝ նպատակ ունենալով Հայաստանում ավելացնել որակյալ ընկերությունների քանակը:

Krisp ընկերության հիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle ընկերության հիմնադիր Արտավազդ Երիցյանի ստեղծած վենչուրային ֆոնդը ներդրումներ սկսել է անել 2022 թվականի մարտից:

«Երազում էինք Հայաստանում Krisp-ի, Podcastle-ի նման ընկերություններ ավելի շատ տեսնել: BigStory-ն ստեղծելու գործում մեծ դեր ունեցավ մեր ներդրողներից մեկը: Մենք մտածում էինք, որ վենչուրային ֆոնդ ստեղծելու համար դեռ շուտ է, ժամանակ չէինք գտնում, բայց մեր ընկերն, ով շուտով մեր ներդրողը դարձավ, վստահ էր որ BigStory-ն ստեղծելու իսկական ժամանակն է: Նաև պատրաստակամություն հայտնեց մեծ գումար ներդնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց BigStory-ի վենչուրային ֆոնդի և Krisp ընկերության համահիմնադիր, 10Web ընկերության հիմնադիր Արտավազդ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ տարբեր հաջողակ տեխնոլոգիական ոլորտի բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ են խոսել, և շատերը պատրաստակամություն են հայտնել նախաձեռնության մի մասը դառնալ, որի արդյունքում էլ ստեղծվել է 10 միլիոն դոլար կապիտալով BigStory VC վենչուրային ֆոնդը:

Ներդրումներ անում են հայ հիմնադիրների ստեղծած այն ընկերություններում, որոնք ստեղծում են արտադրանք գլոբալ շուկաների համար: Միջինում ներդնում են 100-300 հազար դոլար, բացառիկ դեպքերում նաև կես միլիոն դոլար նախասաղմնային, սաղմնային փուլում գտնվող ստարտափներում: 2022 թվականին հասցրել են 10 ներդրում անել: Ֆոնդի առաքելությունը հայկական ստարտափների հիմնադիրներին միջազգային ընկերություն ստեղծելու հարցում օգնելն է:

«Գումար ներդնելուց առաջնորդվում ենք 3 չափանիշով: Կարևորում ենք թիմը, նախկինում ծավալած գործունեությունը, և այն հանգամանքը, թե ինչ փորձ ունեն տվյալ ոլորտում: Ուշադիր ենք նաև գաղափարին: Կարևոր է, որ գաղափարը ճիշտ ձևակերպված լինի, լուծի աշխարհում գոյություն ունեցող իրական խնդիր, լինի մասշտաբային: Պետք է ընդգծեմ նաև գաղափար-հիմնադիր համապատասխանության կարևորությունը: Կան որոշակի գաղափարներ, որոնք կարող են իրագործել միայն որոշակի մարդիկ»,- ասաց Մինասյանը:

Վենչուրային ֆոնդն առաջին ներդրումը ծրագրավորման գիտելիքներ տվող հայկական WildLearner ստարտափում է արել: Ֆոնդը ներդրում է արել Docus, Zoomerang, BlueQubit, Sleep Doctor, Prelaunch.com, WildLearner, ProdMap, Mythrill, Stylebit, B4 ստարտափներում: Ֆոնդի համահիմնադիրը վստահ է՝ 10 ստարտափներն էլ պատրաստ են օրուգիշեր աշխատել ցանկալի արդյունք ստանալու համար:

«Մեր ֆոնդի հիմնադիրները հիմնադիրների համար տիպի ֆոնդ է: Երեքս էլ ձեռներեցության մեծ փորձ ունենք: Ստարտափներում, բացի ներդրումներ անելուց, կիսվում ենք նաև մեր փորձով, կապերով, փորձում ենք նաև օգնել արտադրանքը ճիշտ ներկայացնելու գործում, որպեսզի ֆինանսավորման հաջորդ փուլերն ավելի արագ ու ճիշտ կերպ ընթանան: Ի դեպ, մեր ընկերությունների մասնագետները հաճախ ներգրավվում են ստարտափներին օգնելու գործում, ինչը յուրահատուկ մոտեցում է»,- նշեց ֆոնդի համահիմնադիրը:

Մյուս վենչուրային ֆոնդերի հետ լավ հարաբերությունների մեջ են: Կան ստարտափներ, որտեղ ներդրում անելու համար այլ ֆոնդերի հետ քննարկումներ են ունենում:

Մինասյանը նշեց՝ 2022 թվականը լավ տարի էր իրենց համար: Ներդրում կատարելու համար դիտարկում էին 60 ստարտափ: Վենչուրային ֆոնդի համար կարևոր է մեծ քանակության ստարտափների հետ աշխատելը:

«Վենչուրային շուկան այս պահին պատմական բացասական ռեկորդներ է գրանցում, ու շատ դժվար է լինելու նոր ֆինանսավորում ներգրավելը: Այդ առումով մեր ստարտափները 2023-ին շատ դժվարություններ են ունենալու ու հուսանք՝ այս իրավիճակը հաղթահարելի կլինի: 2023 թվականին սա ստարտափների ամենամեծ մարտահրավերն է լինելու»,- նշեց Մինասյանը:

Նա հավելեց, որ 2023 թվականին նպատակ ունեն նոր տաղանդավոր հայ ձեռներեցների բացահայտել, ներդրում անել նրանց գաղափարներում:

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում