«Հաց կթխեմ». «Կաթիլ» խումբը նոր երգ է հրապարակել
2 րոպեի ընթերցում
![«Հաց կթխեմ». «Կաթիլ» խումբը նոր երգ է հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1100625.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը, որը երաժշտասերների լայն շրջանակի սիրտը նվաճեց «Կուզիմ» երգով, երկրպագուների դատին է հանձնել «Հաց կթխեմ» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խումբը հոլովակին կից գրառում է արել. «Այս անգամ «Կաթիլ»-ը «հաց է թխել» ձեզ համար, որտեղ շաղախել է սեր ու բարեբերություն, հույս ու առատություն մեր հայրենիքի համար: Այս դժվար ժամանակներում «Կաթիլ»-ը ցանկացավ հացով կիսվել: Թող այս երգը հույսով ու լույսով լցնի ձեր օջախները, հացը առատ լինի, տարին՝ պտղաբեր, երաշտ չլինի ո՛չ հոգու, ո՛չ հողի: Կիսե՛ք մեր հացը բոլորի հետ և ձեր սրտի բարեմաղթանքը ուղղե՛ք ձեր հարազատներին: Միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները»:
«Կաթիլ»-ը ստեղծագործում է ինդի ֆոլկ ժանրում, ինչն ազատություն, անկախություն է խորհրդանշում: Այստեղ կարևոր է երգի մշակման ազատությունը: Խմբի անդամներից յուրաքանչյուրն իր մոտեցումները, գաղափարներն է փոխանցում երգերին: Արդյունքում բոլորովին այլ, հետաքրքիր երաժշտություն են ստանում:
Խումբը բաղկացած է հինգ երաժշտից: Հայկական փողային գործիքներ է նվագում Գրիգոր Քարտաշյանը, հայկական հարվածային գործիքներ՝Գրիգոր Դավթյանը, կիթառահարն է Արեգ Սուքիասյանը, Ռոբերտ Սիմոնյանը` բաս, մեներգիչն ու կիթառահարը Սևադա Համբարչյանն է:
Խմբի հիմնական նպատակն աշխարհին հայկականը ներկայացնելն է, մատուցել հայկական տարրերով, հայկական ժամանակակից գործիքներով ստեղծագործություններ, ստեղծել հեղինակային գործեր: