Մշակույթ

Մնջախաղի պետական թատրոնի շենքը կլինի բարեկարգված, նորոգված, լուսաձայնային տեխնիկայով հագեցած. Արա Խզմալյան

2 րոպեի ընթերցում

Մնջախաղի պետական թատրոնի շենքը կլինի բարեկարգված, նորոգված, լուսաձայնային տեխնիկայով հագեցած. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետագա գործունեության համար նախատեսված շենքում շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Աշխատանքներն առաջ են գնում: Թատրոնի տնօրենի հետ եմ խոսել ու նշել, որ պետությունն իր անելիքն անում է, այսինքն՝ շենքը կլինի ամբողջապես բարեկարգված, նորոգված, լուսաձայնային տեխնիկայով հագեցած: Մեր պահանջը բովանդակային է: Ցանկանում ենք ոչ միայն նորոգված շենք ու ենթակառուցվածք, այլև նոր բովանդակություն: Ի՞նչ է նշանակում Մնջախաղի թատրոն 21-րդ դարում, ի՞նչ պետք է անի այն, ի՞նչ փոխակերպումների պետք է ենթարկվի, բովանդակային ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի, ի՞նչ նոր ամբիցիաներ ունի թատրոնը, ինչի՞ն է թիրախավորում, մեր գեղարվեստական կյանքում ի՞նչ առաքելություն ունի և ի՞նչն է փորձում փոխել: Սրանք լուրջ մասնագիտական, բովանդակային քննարկումներ են, որոնց պետք է անդրադառնալ մինչև թատրոնի նոր շենքի բացումը»,-շեշտեց Խզմալյանը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին: Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք 2017 թվականին որոշվեց թատրոնին տարածք հատկացնել Գևորգ Քոչար փողոցում տեղակայված Գրապալատի շենքում: Շենքը պահպանվող հուշարձանների ցանկում է և արտաքին տեսքի փոփոխությունն անթույլատրելի է: Թատրոնի ապագա շենքում մինչ օրս շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում