Մշակույթ

Հայ ժամանակակից հեղինակների լավագույն բանաստեղծություններն ամփոփվել են «Սրտագիր» ժողովածուում

4 րոպեի ընթերցում

Հայ ժամանակակից հեղինակների լավագույն բանաստեղծություններն ամփոփվել են «Սրտագիր» ժողովածուում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սրտագիր» ժողովածուում զետեղված են Հայաստանի գրողների միության անդամների այն բանաստեղծությունները, որոնք հեղինակներն են ընտրել: Բազմաբովանդակ ու բազմագույն ժողովածուն հնարավորություն է ընձեռում ճանաչելու ժամանակակից հայ բանաստեղծության ամբողջ ներկապնակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Հայաստանի գրողների միությունում:

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ գրքում ընդգրկվել է 115 ժամանակակից բանաստեղծի ստեղծագործություն:

«Առաջինը լույս ենք ընծայել «Ես եմ հիմա» անթոլոգիան, որում ներառվել են Չարենցի մասին հայ ժամանակակից գրողների և գրականագետների հոդվածներ, բանաստեղծություններ ու արձակ էջեր, երկրորդը «Օդապարիկ արևը» գիրքն է, որում մանկական բանաստեղծություններ են, երրորդը «Մենք և աշխարհը. ներշնչանքի թռչունը» ժողովածուն է, որն անդրադառնում է ռուսական մշակույթին, չորրորդը «Արձակ դաշտեր» արձակի ժողովածուն է, հինգերորդը՝ «Սրտագիր»-ն է»,-հիշեցրեց Միլիտոնյանն ու հավելեց՝ համագործակցել են «Վան Արյան», «ՀԳՄ», «Արմավ» հրատարակչությունների հետ:

Գրող Բաբկեն Սիմոնյանը գրքում ներառել է «Արարատ», «Խաչքար», «Ձոն առ Վասպուրական» բանաստեղծությունները: Ըստ նրա՝ այդ գործերն ըստ արժանվույն ներկայացնում են մեր երկիրը, մեր տեսակը, մշակույթը, երկրի նշխարները: «Մի քանի բանաստեղծություն եմ գրել «Արարատ» վերնագրով: Եթե հայ գրողը չունի հայրենասիրական երակը, չեմ կարող լիարժեք համարել նրա ստեղծած գրականությունը: Արարատ, Վասպուրական, խաչքար. դրանք այն նշխարներն են, որոնց միջոցով մեր ժողովուրդը 5 հազար տարի գոյատևել է և շարունակում է ապրել: Չնայած մենք դժվար ժամանակներում ենք ապրում, և շատերը կարծում են, թե պոեզիայի ժամանակը չէ, պետք է հիշել, որ պոեզիայով սերունդներ ենք դաստիարակում, որ պոեզիան այն զենքն է, որով մենք կարող ենք աշխարհին լսելի դարձնել մեր ձայնը»,-շեշտեց նա:

Հեղինակն իրեն անուղղելի լավատես է համարում ու հավատում է հայ ժողովրդի ապագային՝ շարունակելով զբաղվել պոեզիայով:

Անթոլոգիայում ընդգրկվել է նաև երիտասարդ հեղինակ Քրիստինե Հովսեփյանի մի քանի բանաստեղծություն: Գրականությունը նրա համար ապրելակերպ է։ «Սիրում եմ կարդալ։ Ընթերցանությունն է, որ օգնում է ապրել գեղեցիկ, ընթերցանությունն ինձ մոտեցրեց գրականությանը, մոտեցրեց այնքան, որ այն ինձ համար դարձավ իմ ամենաընկերը, առանց որի օրս չեմ պատկերացնում։ Գրում եմ, երբ խոսել չեմ կարողանում, գրում եմ, երբ կարողանում եմ լռել, գրում եմ, երբ չգրել չեմ կարող: Չափածո խոսքն ինքնընթաց է գալիս, որքան էլ փախչես նրանից»,-շեշտեց նա:

Խոսելով «Սրտագիր» գրքի մասին՝ Հովսեփյանն ասաց՝ վերնագրից հասկացել է, որ սրտի գիր է լինելու և գործերն էլ ընտրել է այդ սկզբունքով. ընտրել է իր սրտի գիրը: «Ըստ իս՝ նմանատիպ անթոլոգիաները շատ կարևոր են մեր գրականության համար. օգնում են ճանաչել ժամանակակից գրականությունն ու գրողին։ 2015 թվականից դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, աշխատանքս երեխաների հետ է, և ես փորձում եմ նրանց մոտեցնել գրականությանը, որպեսզի նրանք էլ փոքր տարիքից ճանաչեն և գնահատեն նաև մեր հայ ժամանակակից գրողին ու նրա ստեղծած գիրը։ Ի խորոց սրտի շնորհակալ եմ գրքի նախաձեռնող խմբին: Այս անթոլոգիան կդառնա իմ սեղանի գիրքը»,-վստահեցրեց Քրիստինեն:

Նախագծի հեղինակն Էդվարդ Միլիտոնյանն է, գիրքը հրատարակության է պատրաստել Արմեն Ավանեսյանը: Գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահի աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում