Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների միջազգային մեխանիզմն այլընտրանք չունի. Մարուքյան

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների միջազգային  մեխանիզմն այլընտրանք չունի. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանԷդմոն Մարուքյանը խիստ անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների միջազգային մեխանիզմի ստեղծումը, այլապես, ըստ նրա, Լաչինի միջանցքի հետ կապված և այլ խնդիրները շարունակվելու են:

«Գիտեք, որ նախկինում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից այցելություն է եղել Սարսանգի ջրամբար, և որևէ նման միջադեպ չի արձանագրվել, Լաչինի միջանցքը չի փակվել և այցելել են, որովհետև համագործակցել են Արցախի իշխանությունների հետ: Ի՞նչ է ասում Հայաստանը , որ օրհասական է և կարևոր է միջազգային հանրության կողմից արդեն արծարծված միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը կլինի խոսակցության հնարավորություն Բաքվի և Ստեփանակերտի միջև:

Միջազգային հանրության հետ մեր աշխատանքներում տանում ենք այն թեզը, որ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի, այլապես այս խնդիրները շարունակվելու են, և միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների, շփման, միմյանց առջև հարցերի բարձրացման համար այլընտրանք չունի»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքի փակման դեպքի առաջին րոպեներից սկսած աշխատանք է տանում միջազգային բոլոր գործընկերների հետ, որպեսզի Ադրբեջանի դեմ ճնշում ձևավորեն առ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները խախտվում են և այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն:

«Մասնավորապես, Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լաչինի միջանցքի բնականոն և անվտանգ աշխատանքը:

Միջազգային արձագանքները հենց այնպես չեն եղել, դրանք աշխատանքի արդյունք են, նաև գիտեք, որ Արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում է՝ Հնդկաստանի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում և իրավիճակը ներկայացվում է»,- եզրափակեց Մարուքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում