Մշակույթ

Շիրակի մարզպետի անունից՝ պատվոգիր, Գյումրիի քաղաքապետի կողմից՝ ոսկե հուշամեդալ. ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է ծննդյան 60-ամյակը

4 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետի անունից՝ պատվոգիր, Գյումրիի քաղաքապետի կողմից՝ ոսկե հուշամեդալ. ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է ծննդյան 60-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ,12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ թատրոնի դերասան, ռեժիսոր, Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետի անունից Հովհաննես Հովհաննիսյանին հանձնվեց պատվոգիր՝ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, նվիրվածության, բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար, իսկ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի անունից՝ քաղաքապետարանի ոսկե հուշամեդալ: Միջոցառման ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել դերասանի մասին պատմող «Քաղաքի արտիստը» ֆիլմը, ցուցադրվել է Հովհաննես Հովհաննիսյանի «Արշիլ Գորկի» դրաման։

Կյանքի 60 տարիներից 40-ը թատրոնի բազմավաստակ դերասան և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն անցկացրել է բեմում։ Դերասանը նախընտրեց իրեն նվիրված միջոցառմանը չնստել բեմում և լսել կարծիքներ իր մասին։

«Իմ մասին թող բեմը խոսի՝ իմ բեմադրություններից մեկով, կամ ես՝ իմ խաղով։ Որոշեցի, որ կներկայացնեմ հատկապես իմ ամենասիրելի աշխատանքն՝ «Արշիլ Գորկի»-ն, որը մեծ հուզումով եմ բեմադրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Գյումրին անհատականությունների քաղաք է, Հովհաննես Հովհաննիսյանն, ըստ դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, հենց այդ անհատականություններից մեկն է։

Արտիստը ոգևորված է իր նաև ստեղծած «Մտորումների թատրոն»-ով, որը ճանապարհ է հարթում երիտասարդ դերասանների համար։ Նա լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ հրաշալի ու խոստումնալից սերունդ է մեծանում, ինքն ամեն օր նրանցից սովորում է։

Հարցին՝ 40 ամյա թատերական կյանքում ո՞ր դերն է, որ թեև շատ է ցանկացել, բայց դեռ չի խաղացել՝ պատասխանեց.

«Շատ դերեր եմ ցանկացել խաղալ, բայց վաղուց անցել են այդ ժամանակները։ Հիմա արդեն սպասում եմ շեքսպիրյան դերակատարման, կամ՝ Չեխով»:

Միջոցառումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին Լենինականում։1980 թվականին ավարտել է տեղի Գեղամ Սարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին սովորել է Լենինականի թիվ 10 Գեղարվեստի ուսումնարանում և ստացել նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն։ Նույն տարիներին զուգահեռ սովորել է նաև Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից Գրիգոր Մկրտչյանի ղեկավարած դերասանական ստուդիայում և ստացել դերասանի մասնագիտություն։ 1985-1989 թվականներին եղել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, այնուհետև՝ ռեժիսոր։

1990-1995 թվականներին սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտում` ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտություն, 2004-2006 թվականներին՝ ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում։

1998 թվականից ղեկավարում և դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնում։

2004-2006 թվականներին ընդունվել եւ ավարտել է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսորական բաժինը՝ ստանալով թատրոնի ռեժիսորի որակավորում։

2011-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։ 2015-ին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով եւ ՀԹԳՄ-ի ոսկե մեդալով։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում