Փաշինյանը ԼՂ-ում ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունն է համարում
2 րոպեի ընթերցում
![Փաշինյանը ԼՂ-ում ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունն է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099377.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակունեցած ելույթում այս մասին ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ուզում, որ մենք ցեղասպանությունը դիտարկենք և ընկալենք անխուսափելի և անկանխարգելելի մի իրողություն։ Եվ պետք է արձանագրեմ՝ որքան էլ տարօրինակ թվա այս եզրակացությունը, իմ համոզմամբ, այնուամենայնիվ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը՝ երկխոսությունն է և համագործակցությունը, այդ՝ թվում Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ամենատարբեր առիթներով ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը։
«Բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը, կարծես, միջազգային հանրությունն է և ոչ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր այդ նախադասության շահառուն են։ Այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից հասցեագրվում է միջազգային հանրությանը, բայց չի հասցեագրվում Լեռնային Ղարաբաղի հայությանը։ Մենք կարծում ենք, որ այդ ուղերձը իրական կլինի, երբ լսելի կլինի Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի հայության շրջանում»,- ընդգծեց վարչապետը։