Մշակույթ

Նկարիչների միությունում բացվեց նկարիչ Մարտիրոս Բադալյանի «Իմ միջավայրն իմ ներկապնակն է» խորագրով ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Նկարիչների միությունում բացվեց նկարիչ Մարտիրոս Բադալյանի «Իմ միջավայրն իմ ներկապնակն է» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի «Իմ միջավայրն իմ ներկապնակն է» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ավելի քան 300 աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին, բանասեր, արվեստաբան, Հայաստանի նկարիչների միության անդամ Սյուզաննա Փիլոսյաննասաց, որ Մարտիրոս Բադալյանն այն արվեստագետներից է, որոնք իրենց ստեղծագործությամբ գալիս են նոր խոսք ասելու, նոր մտածողություն ձևավորելու:

«Իմ միջավայրն իմ ներկապնակն է» ցուցահանդեսն առաջին անգամ միավորում է Մարտիրոս Բադալյանի վերջին տասնամյակների գործերի տարբեր թեմատիկաները, բացահայտում նկարչի տարատեսակ հետաքրքրություններն ու փնտրտուքները»,- ասաց նա:

Նկարիչ Մարտիրոս Բադալյանը նշեց, որ աշխատանքները կարելի է բաժանել երեք թեմատիկայի: Առաջին խմբի թեմատիկան ներառում է «Ոչ պատերազմին» շարքի մեծածավալ աշխատանքները, թեմա, որը և հին է, և արդիական միևնույն ժամանակ։ Եռաչափ մոդելներով, օգտագործած նյութերի ցուցադրությամբ նկարիչն արտահայտում է իր պահանջները, կոչերը և տխրությունը։

«Աշխատանքների հաջորդ խումբը միավորում է «Մեղեդիներ» շարքի յուղաներկ նկարները և կոլաժները: Աշխատանքների մեծ մասը նվիրված է հայկական և համաշխարհային երաժշտության մեծանուն ներկայացուցիչների մեծարմանը, կանանց և սիրո թեմաներին»,- նշեց նկարիչը:

Երրորդ խումբը «Ինքնանկարներ» շարքն է, որոնք արտիստի աշխատանքային գործունեության առավել նոր ուղղությունն են, որտեղ արտաքին «ես»-ն ուղիղ երկխոսության մեջ է վերամշակված և կրկնօգտագործված առարկաների նյութականության հետ։

Աշխատանքների համադրող Լուսինե Բադալյանը նշեց, որ ներկայացված են այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են ցուցադրվել միջազգային փառատոններին: Նրա համոզմամբ՝ նկարիչը իր արվեստի միջոցով շարժում է փնտրում:

Աշխատանքները կցուցադրվեն մինչև դեկտեմբերի 4-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում