Ուզում եմ՝ մարդիկ իմանան, որ հոլը հայկական ազգային խաղ է. Նարեն երկրպագուներին ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի Հայաստանի պատվիրակ Նարեն նոյեմբերի 18-ին Երևանում հանդիպեց իր երկրպագուներին, նրանց ներկայացրեց մրցույթի խորհրդանիշը՝ միջազգայնորեն ճանաչված խաղալիքը՝ հոլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց՝ հույս ունի, որ շատերը կհետաքրքրվեն հոլով և կիմանան, որ այն հայկական ազգային խաղ է և հին պատմություն ունի: «Ինքս խաղալ գիտեմ: Մինչև մրցույթը իմացել եմ այս խաղի մասին, բայց չեմ խաղացել: Ուրախ եմ, որ «Մանկական Եվրատեսիլ»-ի շրջանակում խաղալ սովորեցի, ինչն ինձ հեշտ տրվեց»,-նշեց Նարեն:

Մինչ երկրպագուների հետ լուսանկարվելը, հոլ խաղալը, Նարեն խոստովանեց, որ շատ լավ տրամադրություն ունի և հավանում է իր եվրատեսիլյան Dance! երգը, որի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը:

«Ինձ շատ դուր է գալիս իմ երգը: Կարծում եմ՝ սա այն երգն է, որը պետք է իմը դառնար: Եվրատեսիլյան ընկերներս ևս հավանում են այն: Շատ ուրախ եմ, որ ինձ հետ են լինելու մրցույթի ամբողջ ընթացքում, քանի որ ոգևորում են ինձ, ես էլ՝ նրանց: Միասին հրաշք ենք գտնելու»,-ասաց նա:

Նարեն դեռ հնարավորություն չի ունեցել լինելու եվրատեսիլյան բեմում: Բեմը միայն լուսանկարներով է տեսել և շատ հավանում է: Նա վստահ է՝ Հայաստանը շատ լավ կներկայացնի մրցույթում:

Բազմամարդ միջոցառմանը «Իմ ֆռռիկը» ապրանքանիշի հիմնադիր Գագիկ Մխիթարյանը հիշեցրեց, որ հոլն ի սկզբանե ծառայել է որպես զենք, սակայն ժամանակի ընթացքում որպես խաղ մտել է մարդկանց կենցաղ ու վերածվել հետաքրքիր ժամանցի: «Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում տարբեր կերպ են հոլ խաղացել: Այն տարբեր անուններ է ունեցել: Վերջին ժամանակներում սկսել են քիչ խաղալ, սակայն մենք փորձեցինք նոր կյանք տալ հոլին, տարածել այն, ինչի արդյունքում այն դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշը»,-ասաց Մխիթարյանն ու ներկաներին բացատրեց հոլ խաղալու նրբությունները:

Մրցույթի այս տարվա խորհրդանիշ հոլի տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

Ընտրվել է այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլի և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը՝ միավորելով մասնակից բոլոր մանուկներին:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Հայերեն