ՀՀ ԿԳՄՍ նախարար Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին աննախադեպ հաջողությունների առթիվ՝ ընդգծելով, որ մեծ հաղթանակները հնարավոր են միայն քրտնաջան աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ:

«Հաճելիորեն զարմացա և հպարտություն ապրեցի, երբ իմացա, որ դեռ ժամկետից շուտ կարողացել եք նվաճել Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնությունը: Շատ ուրախ եմ այդ առիթով և ի սրտե շնորհավորում եմ: Արդեն ապացուցել եք, որ շատ աշխատասեր մարզուհի եք, և Ձեր այս հաջողությունները միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Գիտեմ, որ կշարունակեք աշխատել՝ արդեն մեծահասակների պայքարում հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ըստ աղբյուրի՝ Մարիամ Մկրտչյանը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր, երբ Թուրքիայում հայկական եռագույնը բարձրացվեց և հնչեց ՀՀ օրհներգը. «Լավ էի պատրաստվել այս առաջնությանը: Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո հավատում էինք, որ այստեղ ևս հաջողության կհասնեմ ու կպայքարեմ մեդալային տեղերի համար, թեև մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ: Շատ հպարտ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ ու եռագույնով բարձրանալ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ինձ համար սա մեծ նշանակություն ուներ, ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացա գրանցել այս հաջողությունը»:

Մարիամ Մկրտչյանը նաև պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղաղ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել, որի հետ աշխատելով դարձել է պատանեկան ԵԱ-ի մեդալակիր: Մարիամը խոստովանում է՝ եթե դպրոցում շախմատ չուսումնասիրեին, հավանաբար երբեք չէր հետաքրքրվի այդ խաղով:

Նշվում է, որ հայ մարզուհին տարին հաջողված է համարում, միաժամանակ նաև նշում է, որ նոր հաղթանակների պլաններ էլ ունի. «Մի քանի խոշոր մրցաշարերում կարողացել եմ լավ արդյունքներ ցույց տալ, ինչն արդեն իսկ գոհացնող է: Առաջիկայում երկու մրցաշար է նախատեսված, որտեղ ևս փորձելու եմ լավ հանդես գալ»:

Նախարարության տեղեկացմամբ՝ Վահրամ Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:

Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ մարզուհին առավելության էր հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և վերջնարդյունքում 9 հնարավորից վաստակել 8,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Հայ շախմատիստուհին այս տարվա հունվարին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականի կազմում՝ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն