Հասարակական

WAM գործակալության տնօրենը կարևորել է «Արմենպրես»-ի հետ համագործակցության սերտացումը

4 րոպեի ընթերցում

WAM գործակալության տնօրենը կարևորել է «Արմենպրես»-ի հետ համագործակցության սերտացումը

ԱԲՈՒ ԴԱԲԻ,17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Արաբական Էմիրությունների առաջատար WAM լրատվական գործակալությունը կարևորում է «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համագործակցությունը, որի հիմքերը դրվել են 2019 թվականին ստորագրված համաձայնագրով։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց WAM-ի տնօրեն Մոհամեդ ալ Ռայիսին, ով այս օրերին Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային մեդիա կոնգրեսի կազմակերպչական հարցերով հանձնաժողովի ղեկավարն է։ «Այդ համագործակցությունը պետք է ավելի ու ավելի առաջ տանենք։ Մենք պետք է ավելի սերտ համագործակցենք՝ հասկանալու, թե երկու կողմերում հատկապես որ ոլորտների շուրջ կա հետաքրքրություն։ Մասնավորապես անելիքներ շատ կան զբոսաշրջության, բիզնեսի, մշակույթի ոլորտներում։ Կողմերը պետք է այս ոլորտների առնչությամբ ավելի շատ բովանդակություն ստեղծեն»,- նշեց նա։

Ռայիսին նկատեց, որ բացի գործակալությունների միջև այս պահին իրականացվող անգլերեն ու արաբերեն լրատվության փոխանակումից, կարևոր են կողմերի միջև վերապատրաստումները, համատեղ միջոցառումների կազմակերպումը։ Նա պատահական չհամարեց, որ WAM-ն առաջին անգամ կազմակերպվող Համաշխարհային մեդիա կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու հրավերն առաջիններից մեկն ուղարկել էր գործընկեր «Արմենպրես»-ին, որը հանդես է գալիս որպես միջոցառման մեդիա հովանավոր։ Ռայիսին նկատեց, որ նման քայլերով միտված են ավելի «սերտ հարաբերություններ հաստատել քույր գործակալությունների հետ»։

Խոսելով կոնգրեսի արդյունքների մասին՝ WAM-ի տնօրենը նշեց. «Առաջինը, մենք հիմա ընկերներ ունենք ողջ աշխարհում։ Բոլորը, ովքեր եկել են տարբեր երկրներից, հանդիպել են նոր մարդկանց, մենք հիմա ամենուր ունենք նոր կապեր։ Երկրորդը, սա հարթակ է, որտեղ կարող ենք ամեն տարի սովորել նոր բաներ։ Երրորդը, մենք ակնկալում ենք զարգացնել մեր կարողությունները հանուն մեդիայի ապագայի՝ ինչպիսին այն կլինի ապագայում՝ կախված փաստերից, որոշումներից, որոնք կունենանք։ Կարծում եմ՝ սրանք են այն արդյունքները, որ կունենա Համաշխարհային մեդիա կոնգրեսը։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղությամբ՝ ունենալու նոր ու ավելի ամուր հարաբերություններ մեկս մյուսի հետ, ավելի շատ տեղեկություն ապագայի մասին, ինչպես նաև ունենալու հնարավորություն ստեղծել այնպիսի ապագա մեր գործակալությունների կամ պարբերականների, թվային հարթակների համար, ինչպիսին տեսնում ենք»։

Նրա խոսքով այս պահին մեդիայի առջև առկա կարևորագույն մարտահրավերներից են տեխնոլոգիաները։ «Մենք այսօր կենտրոնանում ենք տեխնոլոգիաների ու բովանդակության վրա՝ միասին վերցրած։ Այս կոնգրեսը հնարավորություն է՝ սովորելու և աշխատելու միանգամից երկուսի հետ, առաջարկելու լուծումներ, որոնք փոքր-ինչ կդյուրացնեն այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք այսօր»,- ասաց Ռայիսին։

Անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից հանրայնացվող անհանդուրժողականությանն ու ատելության խոսքին՝ նա նշեց.«Մենք ողջ աշխարհում ունենք ատելության խոսքի բարձր մակարդակ։ Որոշ հարգարժան լրատվամիջոցներ տարածում են այնպիսի բովանդակություն, որը հաճախ անընդունելի է մյուս երկրների համար։ Ուստի մեզ համար կարևոր է ավելացնել հանդուրժողականության վերաբերյալ մեր բովանդակությունը՝ ցույց տալու մեր հարգանքը մեկս մյուսի հանդեպ, ցույց տալու, թե որքան մոտ ենք իրար և փոխարենը կենտրոնանանք մեր տարբերությունների վրա, որոնք իրականում շատ քիչ են, կենտրոնանանք այն ամենի վրա, ինչն ընդհանուր է մեզ՝ մարդկանց համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում