Մշակույթ

Նրանց հերոսությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք. 44-օրյա պատերազմի հերոսները՝ Լիաննա Մակարյանի  աշխատանքներում

2 րոպեի ընթերցում

Նրանց հերոսությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք. 44-օրյա պատերազմի հերոսները՝ Լիաննա Մակարյանի  աշխատանքներում

ԳՅՈՒՄՐԻ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Երիտասարդական Պալատում բացվել է երիտասարդ քանդակագործ, նկարիչ Լիաննա Մակարյանի «Խաղաղության գինը. 773 օր» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին: Որպես խորհրդանիշ՝ ցուցադրությանը ներկայացված է արվեստագետի 44 աշխատանք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շարքը ստեղծվել է հենց պատերազմի օրերին. ապրումները, վախն ու մտածմունքը արվեստագետն արտացոլել է իր աշխատանքներում: Շարքում առանձնակի տեղ են գրավում հարթաքանդակներն ու տերևների վրա՝ զոհված տղաների դիմանկարները: «Այս աշխատանքներն այդ օրերին ինձ հանգստացնելու ու ապրումներն արտահայտելու միջոց էին, իսկ տերևների գաղափարը ծնվեց պատահական, երբ տեսա, ինչպես աշնանը կարմիր տերևները ծառից պոկվում ու թափվում էին՝ ասես, ծառն իրենց մայրը լիներ, ումից նրանք ընդմիշտ հեռանում էին։ Ակամայից իմ մտքում մեր հերոս տղաները եկան»,- «Արմենպրես»-ին պատմում է Լիաննան՝ անկեղծանալով, որ սկզբում տերևի վրա աշխատելը բարդ էր՝ նկարները դժվար էին տրվում։ Մի քանի անհաջող փորձերից հետո ստացվեց:

Այս պահին Լիաննան տերևնների վրա ստեղծել է 19 հերոսի դիմանկար, սակայն, նոր հերոսների դիմանկարներ ևս կլինեն: «Շատ ծնողներ, երբ սոցիալական ցանցերում տեսան այդ նկարներից, ցանկություն հայտնեցին, որ իրենց որդու դիմանկարը ևս անեմ: Հաստա՛տ անելու եմ: Սա իմ կողմից յուրահատուկ շնորհակալություն է այն ծնողներին, ում որդիների կյանքի գնով մենք հիմա ապրում ենք: Խաղաղության գինը մեզ համար շատ թանկ է»,- ասում է Լիաննան՝ ցավով նշելով, որ ժամանակի ընթացքում, ասես, մոռացվում են տղաները։ «Նրանց հերոսությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»,- հավելում է արվեստագետը:

Ցուցադրության ավարտից հետո հերոսների նկարները կհանձնվեն նրանց հարազատներին:

Շարքում նաև խաղաղության, որդեկորույս ծնողներին, գերիներին նվիրված աշխատանքներ են: Գործերում պահպանվում են հայկական մոտիվները:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում