Ձերբակալվել է Երևանի 23-ամյա բնակիչ, ով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք էր բերել մարիխուանա
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նոյեմբերի 7-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել և թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի 23-ամյա մի բնակչի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության բաժնում 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 267 գրամ քաշով, նույն զանգվածով, շուրջ 63 գրամ քաշով, պոլիէթիլենային 3 տոպրակ, էլեկտրական 2 կշեռք, կպչուն ժապավեններ և 342 դատարկ տոպրակներ։
Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով և Երևանի տարբեր հատվածներում իրացնելու էր։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: