ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ ՀՀ մոտեցումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է պետքարտուղարի անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:
«Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր: