Տնտեսություն

Հայաստանի արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ էապես աճել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ էապես աճել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ 2022 թվականին էապես աճել է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2021 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսվա արդյունքներով աճել է 24,5 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծումը՝ 40,8 տոկոսով։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը 60 տոկոսով է աճել և կազմել 571 միլիոն դոլար»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ գործընկերների հետ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մասով։

«Մենք հիմա նախապատրաստում ենք այն միջավայրը, որտեղ կկարողանանք հատկացնել անհրաժեշտ գումարներ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Պետք է նշեմ, որ անցած ամիս Պրահայում տեղի ունեցած ԵՄ-Արևելյան գործընկերներ գագաթնաժողովի ընթացքում ևս եվրոպացի գործընկերների հետ քննարկել ենք երկարաժամկետ դրամային ֆինանսավորման անհրաժեշտության հարցը։ Պայմանավորվել ենք, որ նոյեմբերին, կարծեմ, ՎԶԵԲ-ը պետք է հաստատի Կենտրոնական բանկի տանիքի տակ գտնվող գերմանական հիմնադրամի 70 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշումը։ Իրենց խոսքերով, վերջին ներդրումն է լինելու այդ խողովակով։ Հիմա շատ կարևոր է ստեղծել նոր խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան նոր ֆինանսավորում ստանալ եվրոպական գործընկերներից, որը կուղղվի Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում