Հասարակական

Գյուլբենկյանի հարստությունը. հայկական հետքը Լիսաբոնում

3 րոպեի ընթերցում

Գյուլբենկյանի հարստությունը. հայկական հետքը Լիսաբոնում

ԼԻՍԱԲՈՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Լիսաբոնում հարցնեք ամենահայտնի թանգարանների մասին, հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը լավագույն տասնյակում կլինի: Թանգարան մուտք գործելու համար մեծ հերթեր են:

Եվրոպական, արևելյան և հնադարյան մշակութային գործեր ներկայացնող թանգարանը բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին՝ մեծ բարերարի մահվանից տասնչորս տարի անց, երբ նշվում էր նրա ծննդյան 100-ամյակը: Նրա կտակի համաձայն՝ թանգարանը ղեկավարվում է «Կալուստ Կյուլբենկյան» հիմնադրամի կողմից: Ի դեպ, հիմնադրամը հենց թանգարանի հարևանությամբ է: Այստեղ են գտնվում է նաև արխիվն ու հարուստ գրականություն ունեցող գրադարանը:

«Արվեստագետ եմ, սա իմ առաջին այցն է Լիսաբոն: Մինչ ճանապարհորդելս տեսա, որ այս հրաշք թանգարանն է այստեղ: Անկեղծ հիացած եմ. արվեստի բազմաթիվ գործեր կան այստեղ: Թանգարանը ոչ միայն գեղագիտական ճաշակը զարգացնելու հնարավորություն, այլ նաև արվեստի մասին համապարփակ պատկերացում է տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սլովակիայից ժամանած Սիմոնան՝ նշելով, որ իր համար ամենահետաքրքիրը Լուի XV արքայի ժամանակների կահույքի հավաքածուն է:

Թանգարանում հաշվառված մոտ 6000 ցուցանմուշներից ցուցադրվում է ավելի քան հազարը։ Թանգարանում ցուցադրվում են արևմտաեվրոպական կահույքի հավաքածուներ, 18-րդ դարի դեկորատիվ-կիրառական առարկաներ, միջնադարյան ձեռագրեր, կովկասյան և պարսկական գորգեր, հին Եգիպտոսի և Միջագետքի հուշարձաններ, կերամիկա, հայկական մշակութային գործեր։ Եվրոպական գեղանկարչության հավաքածուում կարևոր տեղ ունեն 1930-ական թվականներին Էրմիտաժի հավաքածուից Գալուստ Գյուլբենկյանի ձեռք բերած գործերը։ Վերազինման նպատակով մեր այցելության պահին փակ էր René Lalique ոսկերչական հավաքածուի ցուցասրահը:

Պորտուգալիայի հանդեպ սերը պատահական չէ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գյուլբեկյանը ստիպված էր՝ հարկային ծանր բեռից ազատվելու համար լքել Փարիզը և տեղափոխվել Լիսաբոն, սենյակներ վարձել Aviz հյուրանոցում, որտեղ էլ անց է կացրել իր կյանքի մնացած ժամանակը: Արվեստի գործերի իր հարուստ հավաքածուն Գյուլբենկյանը նվիրաբերել է Պորտուգալիայի կառավարությանը:

Թանգարանն ու հիմնադրամը գտնվում են համանուն այգում, որն առանձնանում է բուսական հարուստ աշխարհով, իսկ այգում տեղադրված տեղեկատու ցուցանակները վկայում են բազմազան բարեգործական ծրագրերի մասին, որոնք բարերարի պատգամով մինչ այսօր իրականացնում է հիմնադրամը:

Պորտուգալիայում Գալուստ Գյուլբենկյանն ապրել է ընդամենը տասներեք տարի։ Նրա կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլբենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես Նոբելյան հիմնադրամը։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում