Հասարակական

Ֆրանսիայի ԱԺ-ում նախատեսվում է ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ նախաձեռնող բանաձև

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԺ-ում նախատեսվում է ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ նախաձեռնող բանաձև

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծել են, որ Հայաստան են եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար.

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձեւ, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, գրավյալ տարածքները վերադարձնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ է ներկայացվում:

Հայ խորհրդարանականները կարեւորել են վերոնշյալ բանաձեւի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն արժեւորել է Ֆրանսիայի հետ դինամիկ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, օրենսդիր մարմինների միջեւ: Պատգամավորը բարեկամական խմբի անունից շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին: Նշվել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձեւավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:

Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի եւ երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Հայաստանը բարելավում է տնտեսական ու մրցակցային միջավայրը՝ նոր ներդրումներ ներգրավելու համար: Տնտեսության զարգացման տեսանկյունից կարեւորվել են տարածաշրջանային կայունությունը, սահմանների անխախտելիությունը:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը եւ Արմեն Չարչյանը, ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան եւ Սառա Թանզիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում