«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը չի զիջի նախորդ մրցույթներին. ստեղծագործական թիմը հիշարժան շոու է խոստանում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի ստեղծագործական կազմը վստահեցնում է, որ երևանյան շոուն, որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հիշարժան է լինելու. լուսավոր, գեղեցիկ և համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին: Մրցույթի շրջանակում հյուրերը ոչ միայն ելույթներով կներկայացնեն իրենց յուրահատուկ շոուները, այլև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը մրցույթի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը հիշեցրեց, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Հոլն իր կախարդական պտույտներով բոլոր երեխաներին հրավիրում է հավատալ հրաշքին, և մեր կարգախոսն է՝ «Պտտի՛ր հրաշքը»»,-շեշտեց Օհանյանը:

Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն էլ նշեց, որ Հայաստանը հյուրընկալում է 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ը, ինչը շատ պարտավորեցնող է: «Դեկտեմբերի 4-ից սկսած մեր քաղաքում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու թե՛ քաղաքացիների, թե՛ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ մեր երկրի մշակույթին: Նրանք այցելելու են թանգարաններ, այլ մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր»,-ասաց Ծերունյանը:

Անդրադառնալով բեմին՝ պրոդյուսերն ընդգծեց, որ Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը շաբաթներ առաջ սոցիալական հարթակներում հրապարակել են եվրատեսիլյան բեմի կոնցեպտը: Բեմն ստանալու համար ներքին մրցույթ է անցկացվել, որի շրջանակում հայ դիզայներներն առաջարկել են բեմի իրենց տարբերակները: «Մեր թիմի համար սկզբունքային էր հայ դիզայներներին իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն տալը: Ուրախ ենք, որ հաջողվել է, և բեմի կոնցեպտը մեծ արձագանք է գտնել մեր եվրոպական գործընկերների շրջանում: Բեմը յուրաքանչյուր պատվիրակի թույլ կտա սեփական հրաշքը ստեղծել բեմի վրա, քանի որ այն տեխնիկապես շատ ճկուն է»,-հավաստիացրեց նա:

Ծերունյանի խոսքով՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը ընտանեկան շոու է, և շոուի վրա աշխատել են թե՛ տեղի, թե՛ արտերկրի մասնագետները: Շոուն շատ դրական կլինի, կլինեն խաղեր, հումոր:

Մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու Անուշիկ Տեր-Ղուկասյանն էլ նշեց՝ Հայաստանի շոուն չի զիջելու մինչ այդ մրցույթի ընթացքում կազմակերպված որևէ շոուի: Բացելով փակագծերը՝ նա ասաց, որ երեկոյին ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և կներկայացնի իր նոր երգը:

Հայաստան են հրավիրել մրցույթի բոլոր հաղթողներին, որոնք կկատարեն հաղթած երգերը: Հաղորդավարները ևս մրցույթով են ընտրվել: Նրանք երեքն են լինելու, սակայն կազմակերպիչները չասացին, թե ովքեր են նրանք:

Հանդիպմանը պարզ դարձավ, որ մրցույթին Հայաստանը ներկայացնելու է 14-ամյա Նարե Ղազարյանը: Նա ասաց՝ կանի հնարավորը, որ պատվով հանդես գա: Նրա պրոդյուսերը Գրիգոր Կյոկչյանն է, պարուսույցը՝ Հովհաննես Սարգսյանը: «Նրանք են ինձ խորհուրդ տվել մասնակցել մրցույթին: Խոստանում եմ լավ ներկայանալ ու սիրով իմ հրաշալի երկրի հետ ծանոթացնել մեր հյուրերին»,-ասաց Նարեն:

Եվրատեսիլյան երգն արդն ընտրված է և շուտով հոլովակ կունենա: Հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանը:

Մրցույթի տոմսերը վաճառվելու են առցանց հարթակում: Տոմսերը կարժենան 5000-30 հազար դրամ: Երկրպագուները կարող են տոմսեր գնել և ներկա լինել նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Այն նույն շոուն է, որը կլինի դեկտեմբերի 11-ին, սակայն նախատեսված է միայն ժյուրիի անդամների համար: Այն եթեր է հեռարձակվում ոչ թե հեռուստադիտողների, այլ բոլոր երկրներում մրցույթի ժյուրիի անդամների համար:

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի անցկացմանն աջակցել են ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը:

Հայերեն

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի