ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 բարեգործական» հիմնադրամին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։
««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգն այս տարվա ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովելու մեր շահառուների 2022-2023 թվականների ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնելու մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«4090 բարեգործական» հիմնադրամն ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, և նրա նպատակն էտրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակիցայն քաջորդիներին,որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարումորևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։