Քաղաքականություն

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որը հրապարակվել է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հայտարարության մեջ ասվում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:

Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է անում՝

միջազգային հանրությանը և ակադեմիական ու մշակութային կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերի դեմ,

Ադրբեջանին՝ կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,

Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2),

միջազգային հանրությանը՝ զսպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին, որը պատասխանատու է 2020 թվականի սեպտեմբերից Հայաստանի և հայերի դեմ իրականացված ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:

Ամբողջական հայտարարությունն՝ այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում