ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի Հիբլա Գերզմավան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա նոյեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երգչուհին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Նավագախումբը կղեկավարի դիրիժոր Բրայըն Քասլզ-Անիընը: Կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:
Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի «Քովենթ գարդեն» թագավորական թատրոնում, Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում և այլ հեղինակավոր բեմերում ելույթների շնորհիվ:
Նա ոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ և Ճապոնիա:
Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում բեմական հագուստները՝ համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով: