Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները մշտադիտարկում են կատարել մի շարք միջնադարյան ամրոցներում

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները մշտադիտարկում են կատարել մի շարք միջնադարյան ամրոցներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդի, Վայոց ձորի Սմբատաբերդի, Ցախաց քար վանական համալիրի, Աղնջաձորի զույգ կամուրջների, Սելիմի քարավանատան և Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցի խնդիրներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի հիմնական նպատակն էր նաև տեղում ակնադիտական զննությամբ գնահատել հուշարձանների տեխնիկական վիճակը և կարիքները։

Նշված հուշարձաններից մի քանիսը (Տափի բերդ, Սմբատաբերդ, Ցախաց քար վանական համալիր) ունեն հասանելիության խնդիր. ճանապարհները հիմնանորոգված չեն։ Մյուսների (Բերդկունք ամրոց, Սելիմի քարավանատուն, Աղնջաձորի կամուրջներ) տեխնիկական վիճակն անբավարար է, և միջոցներ չձեռնարկելու պարագայում առկա է փլուզման վտանգ։

Ոլորտի ռազմավարությանը համապատասխան՝ ուշադրությունն ավելանալու է հասարակական և պետական նշանակության հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

Աշխատանքային այցերի արդյունքներով նշված հուշարձաններից մի քանիսի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ․ հատկացնելու է միջոցներ՝ կազմելու դրանց ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում