Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությումը կհանդիպի ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր  

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությումը կհանդիպի ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր  

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, hոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։

Ըստ աղբյուրի՝ ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։ Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։

Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում