Վրաստանի մշակույթի նախարարի կարգադրությամբ՝ Թբիլիսիի «Վանքի դպրոց» կրթօջախի տարածքում կանցկացվեն մանրազնին պեղումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական հայտնի աղբյուրների համաձայն՝ Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում (նախկին՝ Գարեթուբանի, այժմ՝ Աթոնելի փողոց, Քուռ գետի աջափնյակ) 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը կոչվել է նաեւ «Վանքի Մայր Տաճար» կամ «Հարանց վանք»: Եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Բակում հուղարկավորվել են նաեւ ժամանակի մեծերը:

Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, 30-ական թվականների Թբիլիսիում, ի թիվս մյուս՝ վրացական, հայկական, կաթողիկե եկեղեցիների, ոչնչացվել է նաեւ այս Վանքի համալիրը: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան եւ երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որը բնակելի շենքի մի հատվածն է կազմում։ Վանքի տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Վրաստան» թերթում տեղ գտած հրապարակումից, վերջերս, նախարարության շենքում ու բակում, որոնք հարակից են դպրոցին, տարվում են վերանորոգման աշխատանքներ: Հողային աշխատանքների ընթացքում բանվորները հայտնաբերել են բազալտե, առանց գրությունների, ինչպես նաեւ՝ հայերեն ու վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, մարդկային մասունքներ: Այդ մասին անմիջապես տեղեկացվել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանուն:

Հետամուտ լինելով կատարվածին՝ նախարարն իր մոտ է հրավիրել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին եւ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանին: Հանդիպմանը որոշում է կայացվել մասունքները վերաթաղել Խոջիվանքի պանթեոնում:

Թեա Ծուլուկիանու նախաձեռնությամբ ու կարգադրությամբ՝ արդեն հաջորդ տարվա հունվարից տվյալ վայրից 20-50 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում կիրականացվեն նոր մանրազնին պեղումներ:

Թբիլիսիում գործող «Միասին» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Չիդիլյանը «Վրաստան»-ի հետ զրույցում ասաց.

«Մենք շնորհակալ ենք նախարար Թեա Ծուլուկիանուն սրտացավության եւ աշխատանքները շարունակելու կարգադրության համար: Կարծում եմ, այս տարածքում դեռ շատ մասունքներ ու տապանաքարեր կգտնվեն»:

Մինչեւ այս պահը հայտնաբերվել է 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան, քանի որ, փաստացի, «Վանքի» տարածքում գործել է նաեւ յուրահատուկ պանթեոն:

Հայերեն

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին