Մշակույթ

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրում

2 րոպեի ընթերցում

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում