NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հայ աստղաֆիզիկոսը կարծում է, որ մոտ 20 տարուց տիեզերքում կյանք կհայտնաբերվի
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք այցելել NASA, շփվել հանրաճանաչ գիտնականների հետ, նոր գիտելիքներ ստանալ NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս և Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանից։ Այս ամենն ավելի քան իրական է։ 2023 թվականին հայ երիտասարդ գիտնականներից մեկը հարցազրույցի փուլը հաղթահարելուց հետո կդառնա այդ հաջողակը։
Դեռևս 25 տարեկանում Հայաստանից դեպի NASA ճանապարհին աստղաֆիզիկոսը հասցրել է հրավերներ ստանալ Դանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից։ Հասցրել է համատեղության կարգով աշխատել և՛ Բյուրականի, և՛ Ղրիմի աստղադիտարաններում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոսը խոսել է Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներից, տիեզերքում կյանքի գոյությունից, տիեզերական ուսումնասիրությունների և կրոնի մասին իր պատկերացումներից։

Հայաստանից դեպի NASA (նախապատմություն)
Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է Բաքվում, ավարտել է տեղի ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոցի աստղագիտական խմբակը։ Տասը տարեկանից երազել է դառնալ աստղագետ և արդեն հստակ որոշել է զբաղվել գիտությամբ: Երազանքների իրագործման և գիտելիքները հարստացնելու նպատակով ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ ստացած գիտելիքները կիրառում է մինչ օրս։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից հետո ուսումը շարունակել աստղաֆիզիկայի բաժնում, ասպիրանտուրայում սովորելու տարիներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ Համալսարանը գերազանց ավարտելուց հետո տեսական գիտելիքներն սկսել է կիրառել Բյուրականի աստղադիտարանում՝ Վիկտոր Համբարձումյանի հիմնած տեսական ֆիզիկայի բաժնում։ Նա արդեն 25 տարի NASA-ի աշխատակից է, Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս։
«Մի օր Վիկտոր Համբարձումյանը խնդրեց անգլերենով երկու զեկույց ներկայացնել։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ առանց այդ լեզվի դժվար է գիտությամբ զբաղվել։ Երկու զեկույցներից հետո անմիջապես հրավերներ ստացա Դանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, 25 տարեկան էի դեռ և, իհարկե, Համբարձումյանը հնարավորություն տվեց համատեղել իմ աշխատանքը։ 1993-ին մեկնեցի Փարիզ, մի քանի ամիս անց հրավեր ստացա Նյու Յորքից, որտեղ մնացի մեկ տարի։ 1995-ին ՆԱՍԱ-ում աշխատելու հնարավորություն ստացա»,- պատմեց Հայրապետյանը։

Հայաստանում գիտությունը զարգացնելու շանսեր կան
«Այսօրվա հայ ուսանողներն ունեն մեծ ներուժ, և ԵՊՀ-ն այն մեկնակետն է, որտեղից հնարավոր է հասնել ցանկալի բարձրակետին։ Ուրախությամբ հայտնում եմ, որ հաջորդ տարի դասավանդելու եմ հարազատ ֆակուլտետում, աշխատելու եմ ուսանողների հետ՝ փորձելով օգնել նրանց գիտական աշխատանք կատարելու հարցում։ Երիտասարդ գիտնականների կայացման գործում կարևոր է գիտական միջոցառումներին մասնակցություն ունենալը։ Կարծում եմ՝ երիտասարդ գիտնականների համար կարևոր է միջազգային փորձի կուտակումը և գիտական միջոցառումներին, այդ թվում՝ գիտաժողովներին, դասախոսություններին ու քննարկումներին ակտիվ մասնակցելը։ Գիտությունը զարգացնելու նպատակով պետք է օգնենք երիտասարդներին, որպեսզի նրանք իրենց ներդրումն ունենան միջազգային գիտական ասպարեզում։ Ուսանողներին խորհուրդ կտամ բաց չթողնել գիտնականների հետ հանդիպելու և աշխատելու հնարավորությունը, չվախենալ հարցեր տալուց, կարծիք հայտնելուց և սխալվելուց»,- նշեց աստղաֆիզիկոսը:
Հայաստանում գիտությունը ղեկավարվում է՝ ինչպես ԽՍՀՄ շրջանում
«Ասում են՝ Հայաստանում գիտությունը մահվան շեմին է ֆինանսի պատճառով։ Կցանկանամ ասել, որ խնդիրը միայն դրանում չէ։ Մենք ունենք մենթալիտետի խնդիր։ Սովետական գիտական հիմնարկները աշխատում են սովետական ստանդարտներով։ Մեկ ամբողջ հաստատություն ղեկավարում է մեկ անձ։ Հաստատություններն էլ ցանկություն չունեն նոր բան սովորելու կամ, գուցե, դժվարանում են սովորել։ Խնդրին համակարգային լուծում է պետք։ Ես ինքս էլ աշխատում եմ, որպեսզի օր առաջ այս խնդիրը լուծում ստանա»,- ասաց Հայրապետյանը:
Տիեզերքում կյանք գտնելու հավանականությունն ավելի մոտ է
«Տարիներ առաջ տիեզերքում կյանքի հետքեր փնտրելն ու գտնելը գիտնականներին անիրական էր թվում, իսկ այժմ այն գիտական ուսումնասիրությունների կենտրոնում է։ Մարդկության երազանքներից է եղել տիեզերքում այլ կյանք գտնելը, և այդ կյանքի որոնման ճանապարհին տարբեր հարցեր են առաջացել: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, կատարելով ուսումնասիրություններ և մեկտեղելով գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչների ջանքերը՝ հնարավոր է գտնել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մոտ 20 տարուց տիեզերքում կյանք կգտնենք»,- ասաց Հայրապետյանը։

Ուսումնասիրությունները բացառում են հրաշքի գոյությունը
NASA-ն պատրաստվում է հրթիռ ուղարկել տիեզերք: Մենք պատրաստվում ենք նոր բազա ստեղծել Լուսնի և Մարսի վրա: Այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ և, կարելի է ասել, շուտով Լուսնի և Մարսի համար սկսելու է նոր դարաշրջան։ Առաջիկա տարիներին տիեզերքի ուսումնասիրությունը մարդկությանը կստիպի հասկանալ իրենց տեղը տիեզերքում։ Կհասկանանք, թե որտեղից ենք եկել, ուր ենք գնում, ինչ է կյանքը։ Ինչքան շատ ենք ուսումնասիրում, այնքան ավելի քիչ տեղ է մնում հրաշքի համար»,- ասաց պրոֆեսորը։
Կրոնը մարդկանց ներդաշնակություն պարգևելու համար է
«Աստված շատ մարդկանց համար կարևոր է հոգեբանական տեսանկյունից։ Սակայն բնությունն ու հոգեբանությունը տարբեր բաներ են։ Հոգեբանությունը ստեղծել է ուղեղը։ Ես սիրում եմ բոլոր կրոնները, դրանք հիմնականում խաղաղություն են բերում։ Կրոնը մարդկանց հոգեբանական ներդաշնակություն է պարգևում։ Եթե մարդիկ, Աստծո գոյությանը հավատալով, իրենց ավելի ապահով և ներդաշնակ են զգում, ես ոչինչ չունեմ ասելու, բայց երբ գիտականորեն ապացուցված բնական երևույթները, վերագրվում են աստվածներին, հրաշքներին, դրանում վտանգ եմ տեսնում։ Ես ծնվել եմ մի ընտանիքում , որտեղ ինձ սովորեցրել են, որ պետք է դիտեմ, հարցեր տամ և երբեք չհավատամ ոչ մի բանի մինչև չստուգեմ։ Իմ հավատքի համակարգը գիտությունն է»,- նշեց աստղաֆիզիկոսը։
NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս, ԵՊՀ շրջանավարտ, Ամերիկյան համալսարանի (Վաշինգտոն) հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը այստեղ էր կարճ ժամանակով։ Վերջինս դասախոսություններ կարդաց ԵՊՀ-ում։ Դասախոսությունների խորագրերն էին՝ «Կյանքի փնտրտուքը Տիեզերքում» և «Լուսնի և Մարսի հանելուկների լուծումները»։
Կարինե Տերտերյան