Գյումրու դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացմամբ ազդարարեց 157-րդ թատերաշրջանի մեկնարկը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ սեպտեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց Ուիլյամ Գիբսենի «Հրաշագործը» դրաման`ազդարարելով 157-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհի շրջանակներում: Ներկայացման գործընկերը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն է:

Ներկայացման բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է, բեմանկարաչությունը` Գարեգին Եվանգուլյանի, երաժշտական ձևավորումը` Հայկ Իսրայելյանի, զգեստեները` Լուսինե Խաչատրյանի:

Մինչ պիեսի մեկնարկը բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման զոհերի հիշատակը: «2016 թվականին, երբ «Լիր արքա» էինք բեմադրում սկսվեց այն, ինչ սկսվեց, 2020-ին՝ «Վերելք» էինք բեմադրում, նորից նույնը ու մեր վարագույրը բացվեց, այսօր էլ մենք որոշեցին բացել մեր վարագույրը ու մենք շնորհակալ ենք, որ այստեղ եք, որովհետև մենք միշտ պետք է լինենք մեր խրամատներում ու մեր թատրոնի վարագույրը միշտ պետք է բացվի»,-շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ու «Հայկական Կարիտաս»-ին այս կարևոր օրերին թատրոնի կողքին լինելու համար՝ նշեց Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

«Հայաստանում առաջին անգամ է նման նախագիծ իրականացվում, երբ երկու թատրոններ ունենում են համատեղ մեկ ներկայացում, և այդ ներկայացման առաջնախաղով բացվում է թատերաշրջանը: Կա, որ ռեժիսոր, դերասան են հրավիրվում, մենք այդ փորձն ունենք, բայց որ ներկայացում ծնվի, որը պետք է լինի միաժամանակ երկու թատրոնների խաղացանկում և 2 թատրոնների թատերաշրջանների բացում, սա առանձնահատուկ է: Գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է, մյուս գլխավոր դերակատարը 9-ամյա Անգելինա Զաքարյանն է: Ներկայացումը կխաղանք Գյումրիում և Երևանում»,- «Արմենպրես»-ին նշեց Լյուդվիգ Հարությունյանը:

«Այս համագործակցությունը աննախադեպ է՝ երկու դերասանախմբեր միասին ստեղծել են ներկայացում, որը հավասարաչափ խաղալու են երկու թատրոններում: Սա ոչ միայն նոր խաղընկերներ ունենալու լավագույն փորձ է, այլ նաև նոր հանդիսատես, էլ չեմ ասում, թե փորձերի ընթացքում ինչքա՜ն բան ենք իրարից սովորել: Սա հրաշալի ու լավ փորձառություն է»- «Արմենպրես»-ին հայտնեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը՝ նշելով, որ ստեղծագործությունը վավերական պատմություն է՝ գիտնական, մաթեմատիկոս Հելեն Քելերի մասին: «Պիեսը ցույց է տալիս, որ հրաշքը ցանկացած մարդ կարող է գործել, եթե կես ճանապարհին չի կանգնում, այնպես ինչպես ուսուցչուհին, ով իր նվիրվածության, կամքի, սիրո ու համառության շնորհիվ կարողացավ կույր ու խուլ երեխային շփվել սովորեցնել»,- նշեց Նարինե Գրիգորյանը:

Հանդիսատեսը ներկայացումն ընդունեց հոտնկայս ու բուռն ծափերով:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ