Քաղաքականություն

Հունաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. հույն քաղաքական գործիչը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

2 րոպեի ընթերցում

Հունաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. հույն քաղաքական գործիչը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է քաղաքական գործչի գրառման հայերեն թարգմանությունը, որը հրապարակվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Հարգանք Հայաստանին.

Հայը եղբայրական ազգ է, ազգ, որի հետ մենք համընթանում ենք դարեր ի վեր՝ ինչպես բարենպաստ պայմաններում, այնպես էլ փոթորիկների ժամանակ։

Այն մի ազգ է, որի արմատներին հանդիպում ենք դեռ հունական դիցաբանության սկզբնական առասպելներում:

Այո՛, ես խոսում եմ հայերի մասին, որոնց հպարտությունը ես պատվում եմ, որոնց լայն մտահորիզոնը ես հարգում եմ, որոնց համբերությունն ու հաստատակամությունը գնահատում եմ, նրանց տառապանքների և Ցեղասպանության հիշատակի առջև խոնարհվում եմ, որոնց՝ տարիներով մղվող ազատության համար պայքարին ես ծափահարում եմ։

Այո՛, հայերի մասին եմ ես խոսում, ժողովուրդ, որն առաջինը աշխարհում հիմնեց քրիստոնեական պետություն, այս ազգի՝ Հայի մասին, որին մակեդոնացի ռազմիկներ և Պինդուսի և Էլասի զինվորներ իմ պապերը և Զմյուռնիայի փախստական իմ տատիկները ինձ սովորեցրել են սիրել, այն ազգի մասին, ով ինձ հյուրընկալել է դեռ մանուկ հասակից խաղալ Սերասի՝ իրենց եկեղեցու բակում։

Ես համարում եմ իմ պարտավորությունը՝ աջակցելու այս ժողովրդին յուրաքանչյուր դժվարին պահին, ոչ թե որովհետև նա իմ համեստ աջակցության կարիքն ունի, այլ՝ այս աջակցությունն ավելի հնչեղ ու ուժգին է լինում, երբ Հայաստանն ու հայերը հարևան Ադրբեջանի կողմից ենթարկվում են անարդար, ագրեսիվ ու ռազմատենչ սադրանքների՝ Թուրքիայի օգնությամբ և սատարումով, ինչպես և երեկ։

Հունաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. չփորձեք օգտվել միջազգային էներգետիկ իրավիճակից! Դա ժամանակավոր է! Հարգեք միջազգային պայմանագրերը և ճանաչված սահմանները:

Հարգե՛ք հարևան ժողովուրդներին, հարգե՛ք Հայաստանին»,- ասված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում