Մեքսիկացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները Հայաստանի դեմ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի սենատոր Ալեխանդրա Լեոն Մեքսիկայի սենատում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունները, որոնք իրականացվել են Հայաստանի ժողովրդի դեմ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է Լեոն:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։