Պաշտոնական

Ադրբեջանն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին եւ անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:

Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին եւ դաշնակիցներին առավելագույնս հստակ եւ հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երեւանի ավագանու եւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջեւ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում